Բժիշկներ
Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2
«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների մեծ մասը ներգրավված էին պատերազմում տուժած զինծառայողների տարհանման, առաջին օգնության ցուցաբերման և բուժման հետագա գործընթացի կազմակերպման գործում։
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկները՝ Տիգրան Քամալյանը, Սամվել Վարդանյանը, Նորայր Միքայելյանը, Արթուր Ավետիսյանը, տարբեր օրերի են մեկնել Արցախ և պատահականորեն միմյանց հանդիպել են Մարտունու շրջանի հոսպիտալում։
Պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Սամվել Վարդանյանը պատմում է.
«Պատերազմի լուրը լսելուն պես գնացել եմ զինկոմիսարիատ։ Այնտեղ ինձ ասացին, որ երբ հարկ լինի, կկանչեն։ Անցավ 2 օր՝ չկանչեցին, նորից գնացի, բացատրեցի, թե ինչ մասնագետ եմ, իմ փորձառությունը ներկայացրեցի, որից հետո ասացին՝ կարող եք պատրաստվել և երկու ժամից գնալ»։
Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի պատմությունը գրեթե նույնն է.
«Հենց առաջին օրերից գնացի զինկոմիսարիատ։ Չզանգեցին այնքան ժամանակ, մինչև զայրացա… Ստիպված ուղարկեցին։ Երբ հասա Արցախ, Նորայրն արդեն այնտեղ էր։ Հետո միացան Արթուրն ու Սամվելը։ Եվ այդպես բոլորս հայտնվեցինք նույն տեղում` Մարտունու հոսպիտալում»։
Նորայր Միքայելյանը դիմածնոտային վիրաբույժ է, նա էլ պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ լսել է պատերազմի մասին լուրը, կապ է հաստատել 2016-ի քառօրյայում միասին աշխատած բժիշկների հետ, ու բոլորը միասին միանգամից մեկնել են Արցախ։
Անոթային վիրաբույժ Արթուր Ավետիսյանը հավելեց.
«Արցախում բոլորս միասին էինք հոկտեմբերի 2-ից։ Իհարկե, ոչ մեկը չէր կարող պատկերացնել պատերազմի մասշտաբները, վիրավորների թիվը, և ադապտացիոն շրջան բոլորիս հարկավոր էր։ Շատ արագ կարողացանք հունի մեջ մտնել ու հարմարվել: 44 օր և ավելի անցանք էքստրեմալ բժշկության, մահվան, կյանքի և կռվի միջով։ Կային բժիշկներ, որ մնացին Արցախում ավելի քան 60 օր»։
«Այն, ինչ տեսանք, անհնար էր նույնիսկ պատկերացնել, անգամ հոլիվուդյան ֆիլմերում,- պատմում է Սամվել Վարդանյանը։- Բեկորային, բազմաբեկորային վիրավորումներ, խոր այրվածքներ... Բայց մենք վիրաբույժ ենք, շոկի մեջ ընկնելու իրավունք չունենք։ Վիրավորներին տեսնելով՝ միայն փրկելու մասին էինք մտածում, մյուս զգացմունքները բթանում էին… Բոլորս, բոլոր բժիշկները…»։
Տիգրան Քամալյանի խոսքով՝ մեր վիրավորներին փրկելու համար արել են անգամ անհնարինը:
«Ամեն ինչ կազմակերպված էր կատարվում, փորձում էինք առավելագույնս արդյունավետ աշխատել, որքան հնարավոր էր շատ զինվորների փրկել։ Ամեն ծանր վիրավորի համար հավաքվում էինք, խորհրդակցում, միասին որոշում էինք, թե ով կանի հերթական ծանր վիրահատությունը»։
Պատերազմի ընթացքում բժիշկները ոգեշնչվել և տպավորվել են տարբեր դրվագներով, պատմություններով, որոնք, ինչպես իրենք են ասում, ուժ են տվել իրենց։
Նորայր Միքայելյանն առանձնացնում է 18-20 տարեկան զինվորներին։
«Ապշեցնում էր նրանց պատրաստակամությունը։ Հոսպիտալում էլ, անկախ առողջական վիճակից, ոչ թե իրենց մասին էին մտածում, այլ առաջնահերթությունը տալիս էին ընկերոջը։ Մինչև մահ չեմ մոռանա այդ ամենը… Պատերազմի ընթացքում հայ զինվորներն արել են առավելագույնը, հայ զինվորը չի պարտվել…»։
Տիգրան Քամալյանի խոսքը բույժքույրերի և մայրապետերի մասին է, որոնց ներկայությունն ու կամքը փոխանցվում, ոգեշնչում էր նաև իրենց:
«Մի դրվագ պատմեմ. բավականին ուժեղ հրետակոծություն էր, ու ոչ մեկը չէր կարող ասել, թե չի վախենում: Բոլորս էլ հասկանում էինք՝ հաջորդ ռումբը կարող է ընկնել մեզ վրա… Մեր աղջիկներից մեկը վեր կացավ և ամբողջ ուժով բոլորիս վրա գոռաց՝ մի հատ ձեզ հավաքե՛ք: Պատկերացրեք՝ նույնիսկ ամենավախկոտն էլ իրեն հավաքեց, որովհետև հասկացանք՝ պետք է անենք մեր գործը, և վե՛րջ»։
Սամվել Վարդանյանը պատմում է միասնական, համակարգված աշխատանքի մասին.
«Պատերազմում վերջի սերնդի զինվորական տեխնիկա էր կիրառվում, գերակշռում էին բեկորային և բազմաբեկորային վնասվածքները, այրվածքային և վնասվածքային համալիրը պահանջում էր 2-3 մասնագիտացված վիրաբույժ` միաժամանակ. պետք էր փրկել ոտքը, կատարել որովայնային վիրահատություն, դադարեցնել ներքին արյունահոսությունը, մշակել խոր այրվածքները… Այդպիսի դրվագներն անթիվ էին, վիրավորումների բնույթը բարդ էր և ծանր»։
Պատերազմի ամբողջ ընթացքում՝ ամեն օր, բժիշկները ստիպված էին կայացնել որոշումներ, որոնք կարող էին բեկումնային, ճակատագրական լինել զինծառայողների և նրանց կյանքի համար:
«Ունեինք սահմանափակ թվով՝ 4-5 վիրահատական սեղան։ Լինում էր այնպես, որ բոլորը զբաղված էին, բայց բերում էին նոր վիրավորներ: Ստիպված վիրահատում էինք նաև միջանցքներում, քանի որ վիրավորին այլ բուժկետ տեղափոխել չէինք հասցնի»։
Արթուր Ավետիսյանը չի մոռանում վաշտի կամ ջոկատի երիտասարդ հրամանատարներին, որոնք չէին թողնում իրենց օգնություն ցույց տալ, նույնիսկ ստիպելով կամ ուժի գործադրմամբ, մինչև չէին համոզվում, որ իրենց զինվորներին արդեն ցույց են տվել անհրաժեշտ բուժօգնությունը, որ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
«Ունեինք դեպքեր, որ սպան կամ շարքային զինվորը, որին պատրաստվում էինք վիրահատել, վճռական պնդում էր՝ յոդ քսի՛, հետ գնամ։ Տղաները շատ դուխով էին, որոշում ընդունելը` սպոնտան»։
Բժիշկներիի բոլոր որոշումների հիմքում նախ` զինվորների կյանքը փրկելն էր, հետո` վնասված վերջույթները պահպանելը։
Տիգրան Քամալյանը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ բոլորը գիտակցել են՝ վիրավորումը այնպիսին է, որ դժվար է փրկել կյանքը, բայց վիրահատել են՝ հրաշքի հավատալով. Աստված միշտ շատ փոքրիկ հույս ու շանս թողնում է։
«Հաճախ դեմ էինք գնում ռազմադաշտային վիրաբուժության կանոններին՝ հնարավորին շատ կյանքեր փրկելու համար։ Իրականում ունեցել ենք լավ արդյունք. 2000 հոգուց ընդամենը 8-10 զինվոր է մահացել, այն տղաները, որոնց հոսպիտալ են հասցրել արյունաքամ, անհուսալի վիճակում»։
Նման ուղի անցած բժիշկներն ինչպե՞ս են վերադառնալուց հետո ինտեգրվում բնականոն կյանքին։ Այս հարցին պատասխանելուց առաջ նրանք խոր հոգոց հանեցին…
«Մի քանի օրում ամբողջ արժեհամակարգդ է փոխվում, ապրածդ ամբողջ կյանք վերագնահատում ես, վերստին արժեքավորում։ Ամեն ինչ փոխվել է՝ սկսած ընտանիքի, երեխաների, ապագայի հետ կապված հարցերից մինչև աշխատանքային առօրյա։ Ամեն ինչի սկսում ես այլ կերպ նայել ու հասկանում ես՝ արժեքներն ուրիշ տեղ են։
Առանձնահատուկ ուզում եմ խոսել Մարտունու հոսպիտալի պետ Լևոն Ջիվանշիրյանի մասին (ներկայում Իվանյանի հոսպիտալի պետն է)։ Նա կարողացավ այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ժամսլաքի ճշգրտությամբ էինք աշխատում։ Ինքը կարող էր գնալ խրամատից զինվոր բերել, մասնակցել վիրահատությանը և, միաժամանակ, կազմակերպել հոսպիտալի շուրջօրյա աշխատանքը։ Ակամա հետևում էինք նրա օրինակին, Նորայրը բազմիցս դիրքերից վիրավոր զինվոր է բերել: Նրա օրինակով կարող եմ հաստատ ասել՝ հենց ա՛յս տեսակ կազմակերպիչներ են հարկավոր մեր բանակին, այսպիսի՛ հրամանատարներ են պետք»։
44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում լինելով ռազմաճակատում՝ բժիշկները չէին մոռանում նաև իրենց երևանյան պացիենտներին։ Զանգում էին, զգուշացնում, որ Արցախում են։ Ով տեղեկանում էր, ասում էր` մենք լավ ենք, դուք ձեր ու զինվորների մասին մտածեք։
Նորայրը հավելում է.
«Իմ հիվանդներից շատերը նշանակված օրը եկան, բայց ոչ թե վիրահատության, այլ իրենց օգնությունն առաջարկելու, տեղահանվածներին ապաստաններ տրամադրելու համար»։
Հետաքրքրվեցիք, թե եղե՞լ են դեպքեր, որ պատերազմի օրերին հանդիպած վիրավոր զինծառայողին մինչև այդ ճանաչելիս լինեին։ Տիգրան Քամալյանը հիշեց.
«Սոցցանցերից հայտնի զինծառայող Վարազդատ Սանեյանին ես էի վիրահատել, թեպետ ինքը չէր հիշում։ Շատ ուրախացա, երբ տեսա, որ ամուսնացել է, անգամ երկու ոտքով մեքենա է վարում։ Դժվար էր հավատալ, որ նա կհաղթահարեր։ Եղբայրը նույնպես մեզ մոտ է վիրահատվել»։
Խոսելով պատերազմից հետո ձևավորված ընկերության մասին՝ բժիշկները համակարծիք էին. «Նախկինում Երևանում չորսս պարզապես բժիշկներ էինք, հանդիպելիս բարևում էինք։ Պատերազմում մեկ ժամ հետո հարազատ էինք, ամուր թիմ էինք` միասին ամեն ինչ անելու պատրաստ»։
Տիգրան Քամալյանն ավելացրեց.
«Միմյանց հանդեպ հոգատարություն ու հոգացավություն կար ամեն հարցում։ Երբ մեկս տասը և ավելի ժամ տևած վիրահատությունից հետո ուժասպառ մի անկյուն էր գտնում, մյուսներս, անկախ մեր վիճակից, ծածկում էինք նրան, սուրճ եփում… Չգիտեմ՝ դա գոյատևման, ինքնապաշտպանական բնա՞զդ էր, թե մի այլ բան, բայց «մարտական ընկեր» հասկացությունը, ըստ իս, հենց այս ամենի ամբողջությունն է, ոչ թե պարզապես նույն տեղում միասին գտնվելը»։
Զրույցն ավարտելիս վերջին հարցը հնչեց՝ պատրա՞ստ եք կրկին մեկնել ռազմաճակատ, եթե, Աստված մի արասցե, անհրաժեշտություն լինի։ Բոլորի պատասխանը հստակ էր ու աներկբա՝ այո՛, մի՛շտ պատրաստ։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
26.07.2021 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




